Ֆրանսիական ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի միջազգային հարաբերությունների ու աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Բրյունո Տերտրեի կարծիքով՝ ԻՊ-ի գաղափարախոսությունը և ազգայնականությունը բխում են անցյալի կարծեցյալ վեհության նոստալգիայից: Այստեղից կրկին բյուրեղանում է աշխարհը, որ կազմված է երկու բլոկներից՝ նույն ղեկավարներով՝ Թրամփի ԱՄՆ-ը և Պուտինի Ռուսաստանը: Հարցազրույցը վարել է Liberation-ի լրագրող Ալեքսանդրա Շվարցբրոդը:
«Թրամփի ճնշման տակ Ամերիկան ինքնաբերաբար վերադարձավ Պարսից ծոցի վերաբերյալ իր 1970-ականների վերջի դիրքերին՝ սաուդամետ և հակաիրանական: Արդյունքում ուժեղանում է երկու բլոկների բաժանվելը: Մի կողմից՝ Սիրիա-«Հըզբոլլահ»-Իրան ալյանսը՝ Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ, որտեղ Մոսկվան ջանում է Արևմուտքից առաջ անցնել և պաշտպանել իր շահերը շատ ավելի, քան պայքարել ԻՊ-ի դեմ, մյուս կողմից՝ Պարսից ծոցի միապետների ճամբարը իրենց դաշնակիցների հետ, մասնավորաբար՝ Եգիպտոսի: Տարբեր իրադարձությունների ընթացքը այդ պետությունների անցյալը վերադարձնում է ընթացիկ միջազգային իրադարձությունների կենտրոն: Սոցիալիզմի պարտությունը և լիբերալիզմի քննադատությունը, գլխապտույտը առաջընթացից ու գլոբալացումից հանգեցրել են պոպուլիզմի և ազգայնականության հաջողությանը: Կան երկու պատկերացումներ, որ ավելի շատ հենվում են «փառահեղ անցյալի», քան «լուսավոր ապագայի» վրա: Իբրև հետևանք՝ Արևմուտքում սահմաններն ավելի ուժեղ փակելու միտում է նկատվում: Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, հակառակը՝ կա սահմանները հետին պլան մղելու ձգտում՝ դա նեոիմպերիալիզմի նոր ձև է: Եվ ամենուր իշխում է անցյալի վեհության նոստալգիան: Աստիճանաբար ուժեղանում է «լիբերալիզմի վերջի» առանց այդ էլ չափազանցված հռետորաբանությունը: Մենք ապրում ենք «անկման դարաշրջանում», եթե օգտագործենք մոդայիկ հասկացությունը, որովհետև մեր բոլոր ուղենիշները՝ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական շարժման մեջ են: Սակայն մենք միշտ գերագնահատում ենք նախկին կարգի կանխատեսելիությունը: Ես դա անվանում եմ կայունության հետահայաց պատրանք: Խոսքը սառը պատերազմի ժամանակների կյանքի վերաբերյալ մեր պատկերացումների մասին չէ: Իրականում տեղի է ունենում միջազգային շենքի բոլոր հարկերի համաժամանակյա ճոճում՝ 1945-ի մուլտիլատերալիզմը և 1950-ականների արևմտյան ալյանսները, սահմանների անձեռնմխելիության սկզբունքները և տարածքների բռնի միավորման արգելքները՝ ամրապնդված 1970-ականների կեսի իրավունքով ու պրակտիկայով, միջազգային առևտրի ազատականացումը և գլոբալացումը 1990-ականներին, այլ պետություների գործերին միջամտելու լիբերալ քաղաքականությունը, որ իր գագաթնակետին հասավ հաջորդ տասնամյակներին:
«Չե՞նք գերագնահատում Ռուսաստանի հզորությունը»՝ հարցրել է լրագրողը: «Ռուսաստանը «Պոտյոմկինյան գյուղ» է, - պատասխանել է Տերտրեն: -Ռուսաստանը երկու առավելություն ունի՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակը և միջուկային զենքը՝ աշխարհում առաջին զինանոցը: Սակայն նրա ռազմական ներուժը ընդամենը ԽՍՀՄ-ի ռազմական հզորության ստվերն է: Իսկ գլխավորը՝ Վլադիմիր Պուտինը, իշխանություն լինելով 15 տարուց ավելի, ցույց է տվել իր անկարողությունը և նույնիսկ ցանկության բացակայությունը՝ կարգի բերել Ռուսաստանի երկու հիմնական խոցելի տեղերը՝ տնտեսությունը, որ կախման մեջ է ածխաջրածինների արտահանումից, և նվազող բնակչությունը՝ առողջական վատ վիճակում գտնվող»:
«Մենք շատ ենք խոսում սառը պատերազմի վերադարձից, դա իրո՞ք ակտուալ է»:
«Ես երկար հրաժարվում էի այդ փոխաբերության օգտագործումից: Հիմա նա ինձ թվում է շատ ավելի նվազ տեղին: Պուտինի Ռուսաստանը հակվում է ռևանշիստական նախագծին, որ նպատակաուղղված է նրա անցյալ փառքի վերականգնմանը ի վնաս Արևմուտքի: Ռուսաստանը փորձում է ներգործել Եվրոպայի վրա և տրոհել ցանկացած միջոցով: Նաև՝ առաջարկում է իր գաղափարախոսությունը՝ քաղաքական ավտորիտարության ու սոցիալական հետընթացի համաձուլում, որ իբր հենված է Եվրոպայի «իսկական արժեքների» վրա: Դա է նրա «տոտալ» մարտը, թեպետ Ռուսաստանի հետ դեռ կարելի է որոշ դրվագներում համատեղ գործել՝ ի դեմս ընդհանուր սպառնալիքի: Որոշ առումներով Պուտինի Ռուսաստանը նույնիսկ ավելի վտանգավոր է ԽՍՀՄ-ից, որ անփոփոխ վիճակում էր՝ պաշտպանում էր իր «իրավունքները» և ձեռնպահ էր մնում մասշատաբային սադրանքներից: Երբ մենք տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում ռուսական զորքերը Եվրոպայի մատույցներում, լուրջ միջադեպերից զգուշանալու հիմքեր են հայտնվում»:
«Պատմությունը հավերժական վերսկսում է, կարո՞ղ եք կանխատեսել ինչպիսին կլինի աշխարհը 20 տարի անց»՝ հարցրել է լրագրողը:
«Ես վատ եմ պատկերացնում մեծ տերությունների դիրքորոշումների լուրջ վերանայումը: Ռուսաստանի ու Չինաստանի ալյանս չի լինի մարտավարական համագործակցության սահմաններից դուրս՝ չափազանց շատ հակադրություններ կան, որ նրանց ստիպում են միմյանց չվստահել: Միայն մեծ կոնֆլիկտը կամ հզոր քաղաքական ցնցումը Մոսկվայում կամ Պեկինում կարող է դասավորությունը փոխել»:
Եթե հենվենք ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի վերջին զեկույցին, երեք մետասցենար կա: Առաջինը՝ «արշիպելագների աշխարհը», որ ես անվանում եմ Թրամփի աշխարհ՝ հիմնված ինքնամփոփման վրա: Երկրորդը՝ «ազդեցության ոլորտների աշխարհը» որ կարելի է անվանել «Պուտինի աշխարհ»՝ հիմնված աշխարհաքաղաքական մրցակցության վրա, և վերջապես՝ առավել օրիգինալ «ընկերակցությունների աշխարհը», երբ պետությունները երկրորդ պլան կմղվեն հօգուտ քաղաքների, ձեռնարկությունների և ցանցերի, դա Բիլ Գեյթսի աշխարհն է: 2030-ին աշխարհը այս երեք սցենարների խառնուրդը կլինի:
Ալեքսանդրա ՇՎԱՐՑԲՐՈԴ, Libération
Հ.Գ. 2030-ը բավականին հեռու է, չկանխատեսենք՝ մետասցենարները կաշխատեն, թե նոր սցենար ի հայտ կգա: Կարևոր է, որ աշխարհում բացահայտ խոսվում է աշխարհաքաղաքական կարգերի վերանայման մասին՝ մասնավորապես 1945-ի մուլտիլատերալիզմի և 1950-ականների արևմտյան ալյանսների, սահմանների անձեռնմխելիության սկզբունքների և տարածքների բռնի միավորման արգելքների՝ ամրապնդված 1970-ականների կեսի իրավունքով ու պրակտիկայով, միջազգային առևտրի ազատականացման ու գլոբալացման1990-ականներին, այլ պետություների գործերին միջամտելու լիբերալ քաղաքականության: Հելսինկյան եզրափակիչ ակտը վերանայելու անհրաժեշտությունը դառնում է օբյեկտիվ իրականություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ